Հրդեհից զոհված զինծառայողների ծնողները կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանին

Աննա Անտոնյան Ապրիլ 21, 2023

Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, երկու ժամից հանդիպում կունենան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։

«Հանդիպման ընթացքում պարզ կլինի՝ կընդունեն մեզ Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը, թե՝ ոչ։ Դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը հեռացավ շենքից առանց հարազատների հետ հանդիպելու։

Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։

Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։

Կիսվել