ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետևանքն է Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի. Այվազյան

Աննա Անտոնյան Մայիս 26, 2021

Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ  հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը, այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում:

«Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,- ասել է Այվազյանը:

Նշենք, որ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:



Կիսվել