Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի է ունեցել, որի առանցքում են եղել Հարավային Կովկասում զարգացումները: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ անցյալը չափազանց խորը վերհիշելը այս պահին կառուցողական չի լինի և կարող է նոր լարվածություններ առաջացնել։ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, թե խաղաղաության համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Մինսկի խումբը լուծարվի, և Հայաստանի Սահամանադրության մեջ փոփոխություններ արվեն, քանի որ այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: «Ես կուզենայի, որ մենք կենտրոնանայինք ներկայի և ապագայի վրա։ Եթե մենք շարունակենք քննարկել պատմական հակասությունները՝ ով որ տարածքն է ունեցել 100 տարի առաջ, կամ ով է ավելի շատ այլազգի սպանել, ապա արդյունքում նոր հակամարտություն կունենանք», - նշել է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի ցանկությունն է կայուն և երկարատև խաղաղության հաստատումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա։ «Մենք, մեր կողմից, ձգտում ենք կառուցել երկարատև խաղաղություն և համագործակցություն մեր տարածաշրջանում։ Պետք է դուրս գալ պատմության ծանրությունից և առաջ շարժվել՝ լուծելով այսօրվա իրական խնդիրները»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի շրջանակներում Երևանն առաջին հերթին կարևորում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նրա խոսքով՝ երկարատև բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ «Այո՛, երկար բանակցություններից հետո մենք հաջողությամբ համաձայնեցրինք խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք նաև առաջարկել ենք անմիջապես սկսել մշտական խորհրդակցություններ՝ պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետի հստակեցման համար», - նշել է Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ այդ պայմանագիրը չի կարող տալ բոլոր հնարավոր հարցերի պատասխանները։ «Բնական է, որ այս փաստաթղթով հնարավոր չէ տալ բոլոր հարցերի պատասխանը։ Կարծում եմ՝ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր խնդիրները ամբողջությամբ լուծի։ Բայց սա մեկնարկ է, որը կարող է հիմք դառնալ հարաբերությունների զարգացման համար», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը կարևոր քայլ է, սակայն գործընթացը դրանով չի ավարտվում։ Նրա խոսքով՝ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները բոլոր մնացած հարցերի շուրջ և ուսումնասիրել նոր համագործակցության հնարավորություններ։ «Սա միայն սկիզբն է։ Պայմանագրի տեքստում ներառված է դրույթ, որի համաձայն՝ ստեղծվելու է երկկողմ հանձնաժողով՝ բոլոր մնացած հարցերը քննարկելու համար։ Այդ հանձնաժողովը կքննարկի նաև հնարավոր տարաձայնությունները պայմանագրի այս կամ այն դրույթի մեկնաբանության շուրջ կամ այլ հարցեր, որոնք կարող են առաջանալ գործընթացի ընթացքում», - նշել է նախարար Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ սա որոշման և մոտեցման հարց է։ «Ինչ ենք մենք՝ որպես արտաքին գործերի նախարարներ, առաջարկում մեր հասարակություններին, ինչ ենք առաջարկում տարածաշրջանին և աշխարհին։ Սա խաղաղության և համագործակցության կառուցման նոր հնարավորություն է, որը պետք է օգտագործել», - հավելել է նա։