ՀՀ ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան». ՀՀ վարչապետ

Աննա Անտոնյան Մայիս 26, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումում իր ելույթում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկա փուլը՝ արձանագրելով, որ Երևանը պատրաստ է խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, իսկ գործընթացի շարունակականությունը և պայմանագրի ստորագրումն Ադրբեջանը պայմանավորում է երկու հարցով։

Փաշինյանի խոսքով՝ առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի լուծարումն է։

«Դուք գիտեք, որ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտության բանակցային հարթակ։ Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այդ ուղղությամբ։

Բայց միևնույն ժամանակ ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանը նման մոտեցմամբ չի փորձում պարզապես փակել իր տարածքում եղած հակամարտությունը և «արտահանել» այն Հայաստանի Հանրապետության տարածք։ 

Ինչո՞ւ ենք մենք այսպես ասում։ Որովհետև, ցավոք սրտի, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է մոտավորապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 60%-ը կոչել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Մեր դիրքորոշումն այս հարցում բազմիցս արտահայտվել է՝ մենք միանշանակ հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։

Այս համատեքստում մեր առաջարկն է շարունակել առաջ շարժվել հետևյալ ձևաչափով․ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և միաժամանակ՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմում ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի ինստիտուցիոնալ շրջանակների լուծարման վերաբերյալ։ Կարծում եմ՝ սա կառուցողական մոտեցում է՝ երկու փաստաթուղթ ստորագրել միաժամանակ՝ նույն վայրում, նույն ժամին»։

Երկրորդ հարցը, որ բարձրացնում է Ադրբեջանը, ըստ Փաշինյանի՝ «Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ իբր տեղ գտած Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին պնդումներն են»։

«Հստակ է, որ խաղաղության կարևորագույն նախապայմաններից է այն, որ կողմերը չպետք է ունենան տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։ Բայց եկեք ուշադիր դիտարկենք այս հարցը և հասկանանք՝ արդյոք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գոյություն ունե՞ն տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

Այդ հարցի վերաբերյալ պաշտոնապես կարող է արտահայտվել միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, որպես միակ ինստիտուցիոնալ մարմին, որն իրավասու է մեկնաբանելու Սահմանադրության բովանդակությունը։

Ինչպես հայտնի է, անցած տարի Հայաստանը և Ադրբեջանը կարողացան ստորագրել սահմանի սահմանազատման հարցերով երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգերը։ Սա, ի դեպ, երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն էր։ Համաձայն Հայաստանի օրենսդրության՝ այդ փաստաթուղթը ներկայացվեց Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյո՞ք այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկեց այդ համատեղ գործունեության կանոնակարգերը և արձանագրեց, որ դրանք լիովին համապատասխան են ՀՀ Սահմանադրությանը։ Ընդ որում, այդ կանոնակարգերում որպես սահմանազատման գործընթացի հիմնական սկզբունք նշվում է Ալմաթիի հռչակագիրը։

Հետևաբար, Սահմանադրական դատարանը հաստատեց, որ և՛ այդ կանոնակարգերը, և՛ Ալմաթիի հռչակագիրը լիովին համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։

Թույլ տվեք հստակեցնել, թե ինչ է Ալմաթիի հռչակագիրը։ Այն փաստաթուղթ է, որը 1991 թվականին ստորագրվել է ԽՍՀՄ կազմից դուրս եկած 11 նախկին խորհրդային հանրապետությունների կողմից։ Ալմաթիի հռչակագրի երկու հիմնական դրույթներն են՝

  1. Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի։
  2. Հռչակագիրը ստորագրած պետությունները դառնում են ինքնիշխան և ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։

Սահմանադրական դատարանի եզրակացությամբ՝ Ալմաթիի հռչակագիրը լիովին համատեղելի է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ։ Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա որևէ հարևան երկրի նկատմամբ, քանի որ Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի տարածքները համապատասխանում են համապատասխան խորհրդային հանրապետությունների տարածքներին՝ ԽՍՀՄ տարիներին»,- ասել է վարչապետը։

ՀՀ վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր, այլև հասանելի է։

«Մենք վճռական ենք, մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին և պատրաստ ենք շարունակել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ՝ պարզելու, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության համաձայնագրի և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք կարող են արմատապես և ամբողջությամբ փոխել մեր տարածաշրջանի ժողովուրդների իրավիճակն ու ճակատագիրը։

Իհարկե, մենք հավատարիմ ենք լինելու այդ օրակարգին և կանենք ամեն ինչ, ինչ մեզնից կախված է։

Եվ իմ համոզմունքն այն է, հարգելի տիկնայք և պարոնայք, որ բոլոր հակասությունների, սադրանքների, պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու։ Խաղաղություն կլինի։ Եվ այդ հարցում ես լիովին համոզված եմ»,- եզրափակելով իր խոսքը՝ ասել է վարչապետ Փաշինյանը։

Կիսվել