ՀՀ դեսպանը հանդիպել է Ժնևի քաղաքապետի և Ժնև Հանրապետության ու կանտոնի պետական ​​խորհրդի նախագահի հետ

Աննա Անտոնյան Մարտ 05, 2025

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ։

Այս մասին հայտնում են Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, մանրամասնելով, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման ուղիները։ 

«Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը», — ասված է հաղորդագրության մեջ։ 

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և Ժնև քաղաքին՝ հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերած մարդասիրական օժանդակության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։ 

«Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին դեսպան Հ. Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում», — նշված է հաղորդագրության մեջ։


Կիսվել