ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Բաքվում ապօրինի պահվող հայերի հարցը

Աննա Անտոնյան Մարտ 04, 2025

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյի հետ։ 

Դեսպան Արման Խաչատրյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն, ինչպես նաև Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։  

«Բրունո Ռետայոն վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու հարցում», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախարար Ռետայոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացմանը, Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ 

«Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրին», - հայտնել է ՀՀ դեսպանությունը։


Կիսվել