Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան

Աննա Անտոնյան Մայիս 25, 2021

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընտրական ցուցակներում ընդգրկելուն և նշեց՝ գործող իշխանության կողմից դա ևս մեկ խոստման դրժում է:

«Եթե գործարարներ բերեն կստացվի, որ նրանք դրժում են իրենց խոստումը և հետընթաց ենք ապրում: Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա նշեց, որ իրենց խմբակցության ցուցակը դեռ սևագիր փուլում է և չի կարող հիմա հրապարակվել, ապա ընդգծեց՝ անակնկալներ անդամների մասով չկան և ներկայանալու են խմբակցության թիմով՝ օգտագործելով իրենց ռեսուրսները:

«Կլինեն ոչ միայն մեր կուսակցության անդամները, ես միշտ տեղ եմ տվել մարդկանց, ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են և ունեն լավ գիտելիքներ, փորձ, որ կարող են ներդնել մեր գործում, բայց այդ մարդիկ հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր ցուցակում գործարարներ չկան»,- նշեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ քարոզարշավները նաև փոխելու են ընտրությունների ընթացքը: «Քարոզարշավը փոխելու է արտահերթ ընտրությունների ողջ պատկերը, քանի որ կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու և այդ մարդկանցից է կախված ընտրությունների ելքը, թե ինչ անակնկալներ կարող են լինել որևէ մեկս չենք կարող ասել»,- նշեց նա:

Պատգամավորը նաև անդրադարձավ խմբակցության պահանջին՝ կապված նրա հետ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ տարածք:

«Մեր խմբակցության պահանջը մեկն է՝ առանց նոր պատերազմ հայտարարելու այդ զինուժը դուրս բերել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից և ես պնդում եմ, որ բանակցային ֆորմատը ճիշտ է և բանակցությունների ու միջազգային ճնշման շնորհիվ հնարավոր է նրանց դուրս բերել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Կիսվել