Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Մագադան՝ նախքան Ալյասկայում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպելը, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ Մագադան կատարվող այցի ժամանակ Պուտինը կայցելի արդյունաբերական ձեռնարկություն և կհանդիպի տարածաշրջանի նահանգապետի հետ, դրանից հետո պետության ղեկավարը կուղևորվի Ալյասկա։
«Բնականաբար, այդ ուղղությամբ (հյուսիս-արևելք, դեպի Ալյասկա) շարժվելով, մեր երկրի աշխարհագրությունը հաշվի առնելով՝ նախագահը երբեք բաց չի թողնում տարածաշրջանային հարցերով զբաղվելու հնարավորությունը։ Այս անգամ էլ նա դա կանի», - ասել է Պեսկովը։
Նախորդ օրը Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Ալյասկա մեկնելուց առաջ նա կայցելի Ռուսաստանի տարածաշրջաններից մեկը։
Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ ռազմական բազայում։ Գագաթնաժողովը նախատեսված է սկսել մոտավորապես Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին (Երևանի ժամանակով 23:30)։ Հիմնական թեման կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։
Ռուսական պատվիրակության կազմում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարներ Անդրեյ Բելոուսովը, Սերգեյ Լավրովը և Անտոն Սիլուանովը, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ռուսական երեք հատուկ չվերթ արդեն ժամանել է Ալյասկա, այդ թվում՝ կրեմլամերձ լրագրողների հետ։ Դմիտրիևը դրանցից մեկով ժամանել է Անքորիջ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այնտեղ են ժամանել նաև Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ինչպես նաև Սիլուանովը: