Հայտնի է, թե հայաստանյան որ ընկերությունն է հայտնվել ԱՄՆ սանկցիաների ցանկում

Աննա Անտոնյան Ապրիլ 13, 2023

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է մտցրել տասը երկրից 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց թվում կա Հայաստանում գրանցված մեկ ընկերություն։ 

Սանկցիաների ենթարկված ընկերության իրավաբանական անվանումն է, ըստ Առևտրի նախարարության, Tako LLC (Տակօ ՍՊԸ), որը գրանված է Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում։

Նշենք, որ Tako ՍՊԸ-ն և մնացած 27 ընկերությունները սանկցիաների ցանկում են հայտնվել, քանի որ ըստ ԱՄՆ իշխանությունների՝ շարունակել են արդեն իսկ սանկցիաների ցանկում ներառված ռուսական ընկերություններին ապրանքներ և ծառայություններ մատակարարել։

Հետաքրքրական է նաև, որ նախարարության պնդմամբ Tako ՍՊԸ-ն անվանափոխության է ենթարկվել և նախկինում կոչվել է Taco ՍՊԸ, որը ԱՄՆ սանկցիաների ներքո էր հայտնվել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին։ Taco ՍՊԸ-ն ռուսական Радиоавтоматика (Ռադիոավտոմատիկա) ընկերության գործընկերն է և ԱՄՆ իշխանությունների պնդմամբ ֆինանսական ու նյութական աջակցություն է տրամադրել վերջինիս։

Հիշեցնենք, որ բացի Taco ՍՊԸ-ից ԱՄՆ սանկցիաների ցանկում նախկինում (նախորդ տարվա նոյեմբերին) հայտնվել էր նաև ռուսական Миландр (Միլանդր) ընկերության՝ Հայաստանում գտնվող դուստր ձեռնարկությունը՝   Milur Electronics ՍՊԸ-ն՝  նույնանման մեղադրանքով։

Կիսվել