Հայաստանն օր առաջ պետք է Մինսկի խմբի համանախագահող երկրիների հետ հանդիպումներ նախաձեռնի. Արցախի պատգամավոր

Աննա Անտոնյան Ապրիլ 28, 2023

Ռուս խաղաղապահները սահմանափակ գործիքակազմ ունեն. եթե ադրբեջանական կողմը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի 6-րդ կետը, եւ քանի որ այդ փաստաթուղթը երեք երկրների ղեկավարներն են ստորագրել, ապա Լաչինի միջանցքի, այդ թվում՝ Հակարիի կամրջի բացելու հարցն հենց այդ տիրույթում պետք է լուծվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

«Ճիշտ կլինի, որ Հայաստանը հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գա՝ կամ արտգործ նախարարների մակարդակով, կամ երկրների ղեկավարների մակարդակով, որովհետեւ խախտված է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահներն ունեն այնպիսի գործիքակազմ, որ այսպիսի հարց լուծեն: Այս առումով իր անելիքներն ունի նաեւ Հայաստանը եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ պետք է հանդիպումներ նախաձեռնի՝ ամենաբարձր մակարդակով, զուգահեռաբար պետք է նաեւ միջազգային գործընթացներ սկսվեն: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները օր առաջ պետք է Մինսկի խմբի համանախագահող երկրիների հետ հանդիպումներ նախաձեռնեն»,- ասաց Արամ Հարությունյանը:

Պատգամավորի խոսքով՝ Արցախում չկա լավատեսություն, որ բանակցություններում դրական տեղաշարժ է լինելու. «Որովհետեւ ադրբեջանական կողմն ինչքան խախտել է 2020 թվականի կնքված եռակողմ համաձայնագիրը, այսինքն՝ հետ չեն գնացել օրինակ՝ Խծաբերդի, Քարագլխի դեպքերում, այդ պատճառով առողջ տրամաբանությունը թույլ չի տալիս հավատալ դրական տեղաշարժին: Ռուսական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ Լաչինի միջանցքի, այդ թվում՝ Հակարիի կամրջի փակումն իրենց համար կարմիր գիծ է, եւ հասկանում ենք, որ նոյեմբերի 9-ի 6-րդ կետը ձեւավորվել է հենց այդ տրամաբանությունից, որ անհնար է կազմակերպել նորմալ երթեւեկություն ադրբեջանցիների ներկայությամբ»:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի միջեւ Հակարիի կամուրջը բացելու վերաբերյալ ընթացող բանակցություններին, պատգամավորն ասաց, որ առայժմ դրական տեղաշարժ չկա: Նա նաեւ նշեց, որ ռուսական կողմի բանակցությունները վարում է ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը եւ հայտարարել այդտեղ ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին:

Ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցի առնչությամբ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:

Կիսվել