Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր քաղաքականությունը՝ անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ընդգծելով, որ Երևանն ինչ-որ պահի պետք է որոշում կայացնի։
«Որքան հասկանում եմ, մեր հայ բարեկամներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնել», - ասել է Գալուզինը։
Հայաստանի Ազգային ժողովում այսօր մեկնարկել է ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ:
«ԵԱՏՄ-ն Ռուսաստանի Դաշնության ալտերնատիվ անվանումը չի», - նաև ընդգծել է Զեյնալյանը ի պատասխան ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անհամատեղելիության մասին ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարությունների: