Հայաստանի իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի և պետության դեմ, դարձել է դրսի ստրուկը և փորձում է մեզ ստրկացնել. Մերուժան Տեր-Գուլանյան
Աննա Անտոնյան
Մայիս 14, 2021
ՀՀ և Արցախի նախկին նախագահների պարբերական հանդիպումներն ուրախալի են, բայց պետք է հասկանալ՝ ի՞նչ իմաստ ունի աթոռից կառչած այս իշխանության կազմակերպմամբ գնալ ընտրությունների, երկիրը տանուլ ենք տալիս և գնում ենք ընտրությունների՞. պետք է վերանալ բոլոր տեսակի կուսակցական տարաձայնություններից, մոռանալ ամեն ինչ և փրկել Հայաստանը, Արցախը տանուլ ենք տվել, գոնե մեր հայրենիքի այս հատվածը փրկենք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
«Դարերով ապրես, գաս, հասնես այս լուսավոր դարի շեմին և երկի՞ր կորցնես, սա ի՞նչ անեծք է, ովքե՞ր են այս մարդիկ։ Գրավել Իշխանասարը՝ նշանակում է տեր դառնալ Սիսիանին, ի՞նչ է կատարվում։ Այն տեսակը, որն այսօր ԱԺ-ում և կառավարությունում է, ինձ անծանոթ է, որտեղի՞ց են հայտնվել նրանք։ Իշամեղվի համառությամբ մեկը ստեպ-ստեպ ընդդիմադիր է դառնում, դիմակի ետևում թաքնված մի ուրիշը անբարբառ Սահմանադրություն է փոխում, փուշ կերած հորթի նման՝ դահլիճում նստածները, մի աչքը հեռախոսին, կողմ են քվեարկում»,- ասել է մտավորականը:
Ըստ Տեր-Գուլանյանի՝ նախկին նախագահները պետք է ստեղծեն Ազգային փրկության կոմիտե, ինչպես ժամանակին Ֆրանսիայում է ստեղծվել, և հեռացնեն գործող վարչապետին. «Եթե նախկին նախագահները չեն մասնակցելու ընտրություններին, թող մի նախկին վարչապետի բերեն, ասենք՝ Վազգեն Մանուկյանին կամ Կարեն Կարապետյանին։ Ի՞նչ է նշանակում՝ մեր ցանկությունն է, որ հակառակորդը լքի մեր տարածքը, դա անսեռ հայտարարություն է։ Մյուսներն ի՞նչ են անում, պատրաստվում են ընտրությունների՞, երբ երկիրն այլևս չկա։ Եթե թուրքը մեր երկիր է մտել, նրան այլևս հանել չի լինի»:
Հրապարակախոսի կարծիքով՝ անթույլատրելի է սահմանապահ գյուղերի բնակչության զինաթափումը. «20-րդ դարավերջին Կամբոջայում և Ռուանդայում իշխանությունը պատերազմ էր հայտարարել սեփական ժողովրդին։ 21-րդ դարում առաջինը մենք ենք՝ Հայաստանի իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի, պետության և տարածքի դեմ։ Որոշ երևելի քաղաքական գործիչներ ասում են՝ երիտասարդ էին, անփորձ էին, սխալվեցին, ընդհակառակը՝ նրանք գիտեին, թե ինչ են անում, նրանք ծրագիր էին կատարում։ Սեփական ժողովրդին ստրկացնելով՝ դրսի ստրուկն են դարձել»:
Մտավորականի պնդմամբ՝ մեր պատմության ընթացքում նման մասշտաբի դավաճանություն երբևէ չի եղել: «Մենք ոչ միայն Արցախն ենք կորցրել, այլև մեր պետությունն ու Սփյուռքը։ Սա սարսափելի աղետ է մեր ժողովրդի գլխին։ Ի՞նչ իրավունքով են Սփյուռքի հանգանակած միջոցներով իրենց պարգևավճարներ բաժանում։ Նախկինները պիտի հպարտանան, ամենագետ մորեխների այս տարմի համար նախկին են նաև Խորենացին, Նարեկացին, Չարենցը»,- ամփոփել է Մերուժան Տեր-Գուլանյանը:
Կիսվել