Հայաստանի եւ Իրանի միջեւ թերըմբռնում չկա. ԱԳՆ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 02, 2022

Հայաստանի եւ Իրանի միջեւ թերըմբռնում չկա, ասել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը իրանական Mehr գործակալության հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանին եւ Իրանին կապում են վաղեմի պատմական հարաբերությունները։ Իրանն անվանելով Հայաստանի կարեւոր գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։ «Կարծում եմ՝ մենք Իրանի հետ ոչ մի թերըմբռնում չունենք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Երեւանը եւ Թեհրանը տարակարծիք չեն հարցերի մեծ մասում։ Արդյունքում՝ երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս առնչությամբ մենք բանակցությունների մեջ ենք մտել ադրբեջանական կողմի հետ, բայց Բաքուն մշտապես բանակցություններում առավելագույն  պահանջներ է ներկայացնում»։ Հունանյանն  ընդգծել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։

Կիսվել