Հայաստանի ԱԳՆ–ի արձագանքը՝ Չավուշօղլուի այսօրվա հայտարարությանը
Աննա Անտոնյան
Հոկտեմբեր 11, 2022
Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են եւ Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որեւէ զարգացում չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային 5 կետերի շուրջ։
«Նոր զարգացումների դեպքում, ինչպես եւ նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,– ասաց Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն տարածեցին, որում ասվում էր, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչեւ հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, եւ իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
Կիսվել