Հայաստանը վերածում են արեւմտյան աշխարհաքաղաքականության հերթական գործիքի, զվարճանքի. Զախարովա

Աննա Անտոնյան Մարտ 06, 2024

Հայաստանն արժանի է, որպեսզի խաղաղ ապրի եւ չդառնա մանրադրամ արեւմտյան անմաքրաբարո քաղաքական գործիչների ձեռքին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ ԵՄ մերձեցումը։

Մասնավորապես, նա հայտնել է, որ Կիեւին շատ բան է խոստացվել, բայց հետո «գցել են»։

«Հանկարծ նորից նույն բանը չստացվի։ Ես հուսով եմ, որ չպետք է, ես շատ կցանկանայի, որ այդպես չլինի Հայաստանի հետ։ Հայաստանն անցել է իր դժվար պատմական ուղին, որը ներառել է թե՛ ցեղասպանություն, թե՛ սեփական ինքնիշխանության պաշտպանություն, պայքար հանուն սեփական մշակույթի, բարդագույն տարածքային վեճեր, հարցեր, հակամարտություններ։ Այդ երկիրն արժանի է, որպեսզի ապրի խաղաղ եւ չդառնա մանրադրամ արեւմտյան անմաքրաբարո քաղաքական գործիչների ձեռքին»,- ասել է նա։

Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Հայաստանին. «Մենք ի սրտե խաղաղություն ենք ուզում, կայունություն եւ բարգավաճում այդ պետությանը ե՛ւ այդ երկրի ու ժողովրդի հանդեպ սիրո տեսանկյունից, ե՛ւ պրագմատիկայի տեսակետից, որովհետեւ այդ բարեկեցությունից է կախված նաեւ տարածաշրջանի բարեկեցությունն ընդհանրապես։ Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես է Արեւմուտքը, «խաղեր տալով եւ «կոտրելով» Ուկրաինային, դեն գցելով օգտագործված անձեռուոտ խաղալիքի նման, սկսել նոր զոհ փնտրել։ Հանկարծ այնպես չստացվի, որ նոր զոհը Հայաստանը դառնա, որին կխաբեն ու կմոլորեցնեն»,- ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ  հայ որոշ գործիչներ համադարման են համարում ԵՄ-ի կողմից ավելացած ուշադրությունը։ «Խորքը նայեք։ Դա հո այսպես կոչված «սպիտակ մարդու» բնորոշ գիծն է, որը հայելին ցույց տալով՝ իրականում տարել է ամենաթանկը, ինչ ուներ բնիկ ժողովուրդը։ Ցավոք, Հայաստանում մի ամբողջ շարք քաղաքական գործիչներ չեն մտածում այն մասին, որ Հայաստանը վերածում են արեւմտյան աշխարհաքաղաքականության հերթական գործիքի, զվարճանքի։  Պարզապես «մանրում են»»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն Հայաստանը համարում է դեպի տարածաշրջան «ելքի կետ»։

Կիսվել