Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ռուբինյանը։ Կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը գրեթե 3 տարի առաջ՝ 2022 թ․-ի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ բացել ցամաքային սահմանը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ընդ որում՝ խոսք էր գնում «ամենասեղմ ժամկետների» մասին։ Մինչ օրս այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել՝ Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։ Կառավարությունը շուրջ 1 մլրդ դրամ է ծախսել այն վերակառուցելու համար։ Անկարան, սակայն, շարունակում է հայ-թուրքական կարգավորումը կապել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հետ և պնդել, որ սահմանը կբացվի հայ-ադրբեջանական խաղաղության հաստատումից հետո։ Մարգարայի անցակետով այս տարվա մարտի 21-ին հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիա։ Այս նպատակով սահմանը բաց է եղել 10 օր։ Ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով, հայտնել էին ՀՀ ԱԳՆ-ից։ 2023 թ․-ի փետրվարին հայկական կողմը նույն անցակետով 100 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժով։