Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, հանդես գալով Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում, բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության ամրապնդմանը։
Կոստանյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի ներդրումը ոչ միայն երկկողմ, այլև եվրոպական հարթակներում՝ Հայաստանի պաշտպանական կարողությունների և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։ Նա ընդգծել է նաև Ֆրանսիայի դերը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման գործընթացում։
Համաժողովի անցկացումը Սյունիքում, Կոստանյանի խոսքով, խոսում է կառավարության հստակ քաղաքական կամքի մասին՝ զարգացնելու և ուժեղացնելու ռազմավարական նշանակություն ունեցող շրջանները, հատկապես Սյունիքը։ Այս համատեքստում նա ողջունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ակնկալելով նաև ֆրանսիական ներդրումների ներգրավում ենթակառուցվածքային ծրագրերում։
Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի վերջերս կատարած այցը Հայաստան, որի ընթացքում Ֆրանսիան հայտարարել է նոր ներդրումների մասին։
Վահան Կոստանյանը շեշտել է նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ։
«Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ևս խաղաղության և համագործակցության հստակ ուղերձ է։ Կայուն խաղաղության գրավական է նաև տնտեսական փոխկապակցվածությունը և տարածաշրջանային համագործակցությունը, որը կնպաստի փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում։
Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի և ընդլայնված տարածաշրջանային շահերին։
Մեր նպատակը խաղաղ և անվտանգ տարածաշրջան ստեղծելն է, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, սահմանների փոխարեն՝ դարպասները, սպառնալիքի փոխարեն՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջպետական հարաբերությունները։ Սյունիքում այս միջոցառումը հենց այդ տեսլականի խոսուն վկայությունն է»,- ասել է Կոստանյանը։