Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել Թուրքիա։
Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նախագահները նշվածի մասին խոսել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ.
«Մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր երկրում մոտ ապագայում», - ընդգծել է Էրդողանը։
Նա նաև խոսել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների մասին և հայտնել, որ թուրքական ֆինանսական հաստատությունների հետ տեխնիկական բանակցությունները հաջողությամբ են ընթանում։
Թուրքիայի նախագահը անդրադարձել է Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման և համագործակցության հարցերին՝ ընդգծելով, որ նախագիծն ընթանում է ըստ նախատեսվածի։
Էրդողանը հույս է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում կայուն խաղաղության հասնելու համար և ընդգծեց, որ Կովկասում կայունությունը օգտակար է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար։
Բացի այդ, հանդիպման ընթացքում Էրդողանը և Պուտինը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության համար, և որ Ստամբուլի բանակցությունները նպաստում են այս գործընթացին։