ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու ցույցերը ամերիկյանՀԿ-ներն են կազմակերպել

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 19, 2022

ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ Երեւանում անցկացված հանրահավաքները հավանաբար կազմակերպվել են ԱՄՆ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից՝ կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի Նենսի Փելոսիի այցի հետ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան ՀԿ-ների կողմից, եւ, ցավոք, դրանք շատ են։ Բնականաբար, Փելոսիի գալը կանխատեսել էին այն ուժերը, որոնք այսօր դուրս են գալիս հանրահավաքների»,- ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վոդոլացկին։Նա նշել է, որ Հայաստանում մեծ թվով հայրենակիցներ են ապրում, եւ հանրապետությունում հավասարակշռությունը «անգլո-սաքսոնների եւ փելոսիի օգտին չէ», այնուամենայնիվ, պատգամավորը ԱՊՀ բոլոր կառույցներին կոչ է արել ավելի ակտիվ աշխատել հայ գործընկերների հետ։

«Սադրանքներ կան, սակայն արդյունք չեն տա։ Նկատի ունենալով, որ այնտեղ ակտիվորեն աշխատում են ամերիկյան դեսպանատունը եւ ՀԿ-ները, անհրաժեշտ է, որ բոլորս՝ ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն եւ առաջին հերթին ԱՊՀ կառույցները, մեր կոմիտեից մինչեւ Եվրասիական բոլոր հանձնաժողովները, ավելի սերտ աշխատանք տանենք»,- ասել է Վոդոլացկին։

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին այցով Երեւանում է։ Նա ժամանել է նախորդ գիշեր եւ Հայաստանում կմնա մինչեւ սեպտեմբերի 19-ը։

Ավելի վաղ Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով հանրահավաք։

Կիսվել