«Գյուղացիները եթե գյուղը լքելու ցանկություն ունենային, նախքան կամրջի փակվելը կլքեին». Եղցահողի գյուղապետ

Աննա Անտոնյան Մայիս 06, 2023

Կրկնակի շրջափակման մեջ գտնվող Արցախի Եղցահող գյուղում բնակիչներն ապրում են բնականոն կյանքով, գյուղից ոչ մեկ չի էլ պատրաստվումա անցնել ադրբեջանցիներ տեղադրած անցակետով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Մեր գյուղից մինչեւ հիմա որեւէ մեկը դուրս չի եկել, ադրբեջանական անցակետով չեն անցել, հիմա էլ դուրս չեն ցանկանում գալ, մինչեւ հարցը լուծվի: Առաջին անհրաժեշտության դեղորայք եւ այլ մթերքներ, անասունների համար անասնակերը գյուղ են հասցրել ռուս խաղաղապահները»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ գյուղից միայն երկու հոգի  առողջական խնդիրներով Գորիս էին մեկնել, այժմ աշխատանքներ են տանում նրանց վերադարձնելու համար:

Հակոբյանի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, գյուղացիները հաստատակամ են իրենց գյուղում ապրելու հարցում, չեն էլ ցանկանում լքել իրենց տները:

«Գյուղացիները եթե գյուղը լքելու ցանկություն ունենային, նախքան կամրջի փակվելը կլքեին գյուղը, բայց, ընդհակառակը, մի բան էլ ավելացել են, կոնկրետ՝ 2-3 ընտանիք ավելացել են», - նշեց նա:

Նշենք, որ Եղցահողն ունի 153 բնակիչ:

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:

Կիսվել