Ղազախստանից ներմուծված ցորենի առաջին խումբը եղել է անասնակեր. շեշտը եղել է ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա

Աննա Անտոնյան Նոյեմբեր 11, 2025

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստան ներմուծվող ցորենի որակի շուրջ ստեղծված հարցերին։ 

Փոխնախարարը նշել է, որ Ղազախստանից բերված խմբաքանակը անասնակեր է եղել, նախարարությունը տեղյակ է գործընթացներից, սակայն շեշտը դրվել էր ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա:

«Ցորենը տարբեր նպատակներով է ներմուծվում։ Առաջին խումբը եղել է անասնակերի համար։ Սկզբնական հայտարարություններում խոսքը դիվերսիֆիկացիայի մասին էր, ոչ թե կոնկրետ խմբաքանակի որակի»,- ասել է նա։ 

Լրագրողները նշել են, որ հանրության մոտ տպավորություն էր ստեղծվել, թե ներմուծումը կարող է նվազեցնել հացի գինը, ուստի անհրաժեշտ էր բացահայտ նշել, որ ներմուծված ցորենը սննդի համար չէր։

Փոխնախարարը պատասխանել է, որ հացի գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, և միայն ներկրման ճանապարհների փոփոխությունը բավարար չէ գնի նվազման համար:

«Հացի գնի մեջ կան մի քանի բաղադրիչներ։ Դիվերսիֆիկացիան կարող է ազդեցություն ունենալ, սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում գնի նվազում։ Այս առումով նախարարությունը որևէ հակառակ ակնարկ չի արել»,- նշել է նա։

Ըստ փոխնախարարի՝ հաջորդ խմբաքանակով արդեն ներմուծվել է սննդային բարձրորակ ցորեն Ռուսաստանից։

Կիսվել