Գերմանիան հայտարարել է Սլովակիայում գերմանական զորքերի երկարաժամկետ տեղակայման հնարավորության մասին

Աննա Անտոնյան Հուլիս 27, 2022

Բունդեսվերի զինծառայողները եւ գերմանական հակաօդային պաշտպանության համակարգերը  երկարաժամկետ հիմունքներով կարող են տեղակայվել Սլովակիայում, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ Բերբոքի՝ Patriot զենիթահրթիռային համակարգերը կմնան Սլովակիայի տարածքում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

«Սա մեկօրյա միջոցառում չէ, այլ համերաշխություն՝ գործողության մեջ։ Մենք միասնական ենք անվտանգության այս հարցում»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ՝ մարտին, Սլովակիայում գերմանական հակաօդային պաշտպանության համակարգեր եւ մոտ 300 զինվորականներ տեղակայվեցին, այնուհետեւ ապրիլին եւս մոտ 300 գերմանացի զինծառայող միացավ Սլովակիայում տեղակայված բազմազգ աշխատանքային խմբին, որը մոտ 100 կմ համատեղ սահման ունի Ուկրաինայի հետ։ Սլովակիայում Բունդեսվերի զինծառայողների ընդհանուր թիվը 640-ի է հասնում, նշել է Բերբոքը։

Բացի այդ, Բերբոքը եւ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը հայտարարել են Ուկրաինային սպառազինությունների շուրջօրյա մատակարարումների շուրջ բանակցությունների շարունակման մասին, որում ՆԱՏՕ-ի՝ արեւելյան Եվրոպայի գործընկերներն արեւմտյան զենք են ստանում՝ խորհրդային արտադրության ռազմական տեխնիկայի դիմաց, որը նրանք մատակարարում են ուկրաինական բանակին:

Նույն օրը այցելելով Պրահա, որտեղ նա հանդիպեց իր չեխ գործընկեր Յան Լիպավսկու հետ, Աննալենա Բերբոքն ասաց, որ Գերմանիայի եւ Չեխիայի միջեւ բանակցություններն Ուկրաինային տանկերի շրջանաձեւ մատակարարման շուրջ մոտ են ավարտին եւ գտնվում են «ընդհանուր համաձայնագրի կազմման վերջնական փուլում են», որը, նրա կարծիքով, կարող է օրինակ ծառայել այլ երկրների հետ համանման համաձայնագրերի համար։

Կիսվել