«Գազպրոմն» Ուկրաինայով օրական 42,4 մլն խորանարդ մետր գազ է մատակարարում Եվրոպա

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 11, 2022

«Գազպրոմն» Ուկրաինայով, ՌԴ Կուրսկի մարզի «Սուջա» գազամուղ կայանով օրական 42,4 մլն խորանարդ մետր գազ է մատակարարում Եվրոպա։ Սուխանովկայով մատակարարումների հայտն ուկրաինական կողմը մերժել էր, լրագրողներին կիրակի ասել է «Գազպրոմի» ներկայացուցիչը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Գազպրոմը» սեպտեմբերի 11-ին 42,4 մլն խորանարդ մետր օրական ծավալով ռուսական գազը տարանցման համար մատակարարում է Ուկրաինայի տարածքով՝ ուկրաինական կողմի հաստատած ծավալով, Սուջայի գազամուղ կայանի միջոցով։ Սուխանովկայով մատակարարումների հայտը մերժվել է»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։

Նախօրեին գազի մղման ծավալը հասել է 42,4 մլն խորանարդ մետրի։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ ռուսական գազի տարանցումն ուկրաինական տարածքով սեպտեմբերի 11-ին կարող է կազմել 42,4 մլն խորանարդ մետր։

Ուկրաինայով տարանցման գիծը Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ ռուսական գազի մատակարարումների միակ երթուղին է։ Գազի մղումը «Հյուսիսային հոսքով» լիովին դադարեցվել է։ Գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» եւ «Երկնագույն հոսքով» նախատեսված են Թուրքիայի եւ Հարավային ու Հարավարեւելյան Եվրոպայի երկրների համար։

Մայիսի 10-ին Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորը հայտարարել էր, որ մայիսի 11-ից դադարեցնելու է գազի տարանցումը Եվրոպա Սուխանովկայով,  ֆորսմաժորային հանգամանքների պատճառով, քանի որ ընկերությունն իբր  չի կարող վերահսկել Լուգանսկի մարզում «Նովոպսկով» գազակոմպրեսորային կայանի աշխատանքը։ Արդյունքում՝ գազի փոխադրման հայտերը մերժվեցին, իսկ գազ չէր ընդունվում։

Բայց Ռուսաստանի գազային հոլդինգը նախկին սխեմայով գազի մղման դադարեցման հիմքեր չէր տեսնում՝ նշելով, որ որեւէ ֆորսմաժորային հանգամանքի մասին հաստատում չի ստացել։ Ընկերությունում ավելացրել էին, որ տեխնիկապես հնարավոր է բոլոր տարանցիկ ծավալները տեղափոխել մեկ այլ կետով՝ «Սուջա» գազաբաշխիչ կայանով, որը գտնվում է Ռուսաստանի Կուրսկի մարզում։

Կիսվել