Իսրայելական և արաբական մամուլը, ինչպես նաև ամերիկյան Axios հրատարակությունը հայտնել են, որ սեպտեմբերի 16-ի գիշերը Իսրայելի բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա՝ շաբաթներ տևած ռմբակոծություններից հետո։
Axios-ը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան զինվորականի, գրել է, որ ցամաքային ուժերը երկուշաբթի օրը մտել են Գազա, շուտով նրանց կհետևեն լրացուցիչ ուժեր։
Jerusalem Post թերթը գրել է, որ «կարող է հաստատել» հարձակման սկսվելու մասին հաղորդագրությունները։ Թերթը չի նշել, թե որ աղբյուրներից է ստացել հաստատումը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գազայի հատվածում գիշերային հարվածներից հետո հայտարարել է, որ քաղաքը «կրակի մեջ է» և վերահաստատել գործելու իր ծրագրերը մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և պատանդների ազատագրումը։
«Գազան կրակի մեջ է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները քաջաբար պայքարում են՝ ստեղծելով պայմաններ պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի պարտության համար։ Մենք չենք նահանջի կամ չենք թուլացնի ճնշումը, մինչև մեր առաքելությունը չավարտվի», - գրել է Կացը «X»-ի միկրոբլոգում:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «քաջաբար պայքարում են պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ջախջախման համար պայմաններ ստեղծելու համար», բայց ուղղակիորեն չի նշել քաղաք մտնելու մասին։
Jerusalem Post-ը, AL-Jazeera կայքը և այլ անգլալեզու հրատարակություններ, հղում անելով պաղեստինյան աղբյուրներին, հաղորդում են, որ իսրայելական տանկերը մտել են քաղաքի կենտրոն։
Times of Israel-ը հաղորդում է, որ վերջին ժամերին իսրայելական բանակը ակտիվացրել է իր հարձակումները Գազայի վրա։
AFP գործակալությունը, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է քաղաքի հզոր, շարունակական ռմբակոծության մասին, սակայն չի հաղորդում որևէ հարձակման մասին։
Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել գրավել Գազա քաղաքը օգոստոսի սկզբին։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա նախարարների խոսքով՝ Գազայում կան ՀԱՄԱՍ խմբավորման կարևոր հենակետեր, որոնք նրանք խոստացել են ոչնչացնել։
Հայտարարելով Գազա քաղաքը գրավելու իրենց մտադրության մասին, իսրայելցիները կոչ են արել քաղաքում ապրողներին տարհանվել հատվածի կենտրոն և հարավ։ Սակայն, ինչպես գրում են շատ հրատարակություններ, մոտավոր գնահատականներով՝ Գազա քաղաքում հավաքված մոտ մեկ միլիոն պաղեստինցիներից մոտ 300 հազարը տարհանվել են։
Axios-ի հետ զրուցած երկու իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վարչապետ Նեթանյահուին ասել է, որ Թրամփի վարչակազմը աջակցում է Գազա քաղաքում գործողությանը, բայց ցանկանում է, որ այն տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։
Axios-ի հետ զրուցած մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր չէ կանգնեցնել Իսրայելին և դեմ չէ, որ այն ինքնուրույն որոշի, թե ինչպես գործել Գազայում։
«Սա Թրամփի պատերազմը չէ, սա Բիբիի (Նեթանյահուի մականունը) պատերազմն է, և ինչ էլ որ պատահի հետո, նրա վրա կլինիողջ պատասխանատվությունը», - պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Axios-ը։
Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը երկու երկրների միջև առճակատում է, որը համարվում է աշխարհում ամենաերկարը և տևում է ավելի քան 75 տարի։
Պաղեստինը բաժանված է երկու ոչ հարակից մասերի՝ Հորդանան գետի Արևմտյան ափ և Գազայի հատված։
2007 թվականից ի վեր Պաղեստինի պետության յուրաքանչյուր հատված ունի իր սեփական կառավարությունը, որը ներկայացնում է ժողովրդին քաղաքական ուժերի տեսքով. Արևմտյան ափում գործում է Պաղեստինի ազգային իշխանությունը, իսկ Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ը (Իսլամական դիմադրության շարժում):
Մինչ այս ժամանակահատվածը նրանք կոալիցիայի մեջ էին, բայց 2007 թվականից ի վեր բաժանվել են անհամաձայնությունների պատճառով: Իսրայելի հետ հակամարտությունն այժմ Գազայի հատվածում է:
Միաժամանակ, շարունակ չդադարող հարձակումներն ու տասնամյակների հակամարտությունը խիստ քայքայել են շրջանը, մարդիկ այստեղ մատնված են սովի, կա բուժմիջոցների, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների ծայրահեղ պակաս: Ամեն շաբաթ Գազայում սովի հետևանքով նոր մահեր են գրանցվում, իսկ Իսրայելի հարվածները շարունակում են հյուծել քաղաքն ու անկլավի բնակիչներին: