Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ

Աննա Անտոնյան Մարտ 22, 2023

Ադրբեջանցիները հեռվից անկանոն կրակ են բացում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց վրա, ինչն առաջին անգամը չէ: Այս մասին պատմեց ԱՀ Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդել էր, որ այսօր առավոտյան Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական  աշխատանքներ կատարելիս Ճարտարի 7 բնակիչ հայտնվել էին ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

«Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա, չեն թողնում, որ աշխատենք: Գարնանային աշխատանքները սկսել են, այգիներում աշխատում են բնակիչները, ադրբեջանցիներն էլ չեն թողնում, որ գործ անեն»,- ասաց Ճարտարի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները կրակ են բացում իրենց վարչական տարածքում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. «Միշտ էլ կրակում են էլի»:

Վլադիկ Հովհաննիսյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ճարտարի հողատարածքների 70-80 տոկոսն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ. «Քիչ տարածք ունենք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել նաև մարտի 19-ին՝ Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: 34-ամյա բնակիչը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ իր ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Կիսվել