Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Գագիկ Բեգլարյանը եղել է 2002-2008 թթ. Երևանի Կենտրոն համայնքի թաղապետը, 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետը, իսկ 2012-2016 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը։
Գագիկ Բեգլարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու մեղադրանքով։ Ըստ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ դեռևս 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր Երևանի կենտրոնի թաղապետի պաշտոնը, ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը։ Ապա արդեն 2009 թվականի մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, այդ անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011-ի փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես Բեգլարյանի սեփականություն: ԱԱԾ-ն հայտնել էր նաև, որ միևնույն ժամանակ ձեռք են բերվել տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։