Ֆրանսիացի մի շարք ազդեցիկ գործիչներ պահանջել են Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների, պատանդների անհապաղ ազատ արձակումը

Աննա Անտոնյան Մարտ 13, 2025

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքն այս տարի ևս մեկ տեղում է համախմբել ընդհանուր արժեքների պաշտպանության համար հայ ժողովդրի կողքին կանգնած բազմաթիվ գործիչների, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Շնորհակալություն ենք հայտնում նրանց բոլորին Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում իրենց միանշանակ աջակցությունը և հայ ժողովրդի հետ անխախտ բարեկամությունը վերահաստատելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ երեկոյի ընթացքում հնչած իրենց ելույթներում ֆրանսիացի մի շարք ազդեցիկ գործիչներ, որոնց թվում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրուն Ռետայոն, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԱԺ-ում «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեն, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ Ֆրանսու-Քզավիե Բելամին և Ռաֆայել Գլուկսմանը պահանջել են Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների, պատանդների եւ այլ կալանավորված անձանց անհապաղ ազատ արձակումը։

Կիսվել