Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջան՝ նախագահական արտահերթ ընտրությունների համար

Աննա Անտոնյան Հունվար 16, 2024

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջան՝ նախագահական արտահերթ ընտրությունների համար, որոնք կայանալու են փետրվարի 7-ին։ Ինչպես տեղեկացրել է «Թուրանը», այս մասին նշվել է հունվարի 15-ին Եվրախորհրդարանի դեմոկրատիայի եւ ընտրությունների համակարգման խմբի (DEG) համանախագահների, պատգամավորներ Դեւիդ Մակ-Ալիստերի եւ Թոմաս Թոբեի տարածած համատեղ հայտարարությունում։

Եվրախորհրդարանը նաեւ չի մեկնաբանի ընտրական գործընթացն ու հայտարարված արդյունքները։  «Եվրախորհրդարանի ոչ մի անդամ այդ մարմնի անունից լիազորություն չունի հետեւել ընտրություններին կամ մեկնաբանել դրանք»,- ընդգծված է հայտարարությունում։ Եթե Եվրախորհրդարանի անդամներից որեւէ մեկը որոշի վերաբերմունք հայտնել ընտրությունների վերաբերյալ, ապա դա կլինի նրա անձնական նախաձեռնությունը, ոչ թե Եվրախորհրդարանինը։

Եվրախորհրդարանի DEG խումբը ընտրություններին հետեւում է միջազգային մակարդակով, ինպես նաեւ աջակցում է դեմոկրատիային եւ մարդու իրավունքներին։

Կիսվել