ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին Ազգային ժողովում ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը, Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը և բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու նշել, որ տպավորված են Հայաստանով: Վերջիններս իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և նշել, որ բարձր են գնահատում Հայաստանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ջանքերը: Նրանք նաև շեշտել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացին սատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այդ ճանապարհին: