Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը

Աննա Անտոնյան Հուլիս 09, 2021

Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Այս մասին հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։ Ըստ նրա ընդհանուր առմամբ, Եվրամիությունը այս ծրագրի շրջանակում կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար:

Օլիվեր Վարհեինի խոսքով իրենք պատրաստ են շատ մեծ չափի ներդրումը, շատ օպերատիվ ձևով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար՝ Արևելյան գործընկերության ամբողջ տարածաշրջանի հետ միասին:

«Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի կառավարության հետ միասին: Այս ծրագրի արդյունքում տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը պետք է հնարավորինս արագ ապահովվեն համավարակից հետո, քանի որ Հայաստանը և հայ ժողովուրդը աշխատատեղերի և տնտեսական աճի կարիք ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար», – ասել է Եվրամիության հանձնակատարը՝ պարզաբանելով, որ իրենք ցանկանում են ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների և եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով կկարողանան այս տարածաշրջանը շատ ավելի արագորեն մոտեցնել Եվրամիությանը:

Կիսվել