Եվրաքվեի նախաձեռնող երեք կուսակցություն՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի եվրոպական կուսակցություն», Գյումրիի ավագանու ընտրություններում հանդես կգան միասնական դաշինքով:
Փետրվարի 27-ին Գյումրիում այս ուժերը ներկայացնող Արամ Զ. Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը ստորագրեցին հուշագիր։
Դաշինքի ցուցակը գլխավորում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Առաջադրման գործընթացն ավարտվում է մարտի 5-ին, և դեռ այդքան ժամանակ կա ամբողջական ցուցակը կազմելու՝ օրենքի պահանջված կարգով: Ուզում եմ բոլորին հավաստիացնել՝ մեր քարոզարշավը լինելու է քաղաքավարի, քաղաքակիրթ, էթիկայի բարձրագույն ստանդարտների մեջ: Մենք ջանալու ենք այնպես անել, որ մեր հասցեին հնարավոր նետվելիք վիրավորանքներին, զրպարտություններին, ատելության խոսքին համարժեք չպատասխանենք: Նույնիսկ մտածում եմ բոլոր գրանցված թեկնածուներին առաջարկել ընդհանուր հայտարարի գալ մի վարքականոնի շուրջ՝ քարոզարշավի շրջանակում՝ հանուն քաղաքի և հանուն Հայաստանի Հանրապետության», — հուշագրի ստորագրումից հետո նշել է Լևոն Բարսեղյանը: