Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
Աննա Անտոնյան
Օգոստոս 04, 2026
ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նստաշրջանի ընթացքում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը և դրան հաջորդած բանավեճը դարձել են խորհրդարանի ամենաթեժ դրվագներից մեկը:
Լևոն Քոչարյանն իր ելույթի ընթացքում բջջային հեռախոսով միացրել է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ձայնագրությունը։ Ձայնագրության մեջ Փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում ինքնապաշտպանության նպատակով քարեր վերցնել և բարիկադներ կազմել։
Քոչարյանը շեշտել է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր այդ կոչերը, դեռևս ոչ մի զոհ չկար, իսկ առաջին զոհը եղել է ոստիկանության աշխատակից։
Պատգամավորը հայտարարել է, որ ինքը չի վիճարկում այն փաստը, որ Մարտի 1-ին հնարավոր է անմեղ մարդիկ ձերբակալված կամ կալանավորված լինեն։ Սակայն, ըստ նրա, «Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել և անմեղ տեղը չի ձերբակալվել»։
Նա հավելել է, որ անձամբ շատ է ցավում այդ ողբերգական օրվա և տեղի ունեցած բոլոր զոհերի համար։
Նիստը վարող ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը Լևոն Քոչարյանի ելույթից հետո հանդես է եկել կտրուկ պատասխանով՝ անդրադառնալով նրա հոր՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։
Ռուբինյանը նշել է, որ հավաքված քաղաքացիները ոչ թե հարձակվում էին, այլ ինքնապաշտպանվում էին։ Նա բառացիորեն ասել է. «Ինքնապաշտպանվում էին... ձեզնից չէ, ձեր հորից էին պաշտպանվում»։
Ռուբինյանի պնդմամբ՝ 2008թ․ մարտի 1-ի առավոտյան ժամը 06:00-ին Ազատության հրապարակում եղել է առավելագույնը 100-200 մարդ, որոնց մեծ մասը քնած է եղել։ Նրա ձևակերպմամբ՝ «Հատուկ ջոկատայինները եկել են ու սկսել բոլորին դուբինկաներով զխկել ու լարել։ Ի՞նչ էին արել էդ մարդիկ»։
Դիմելով Լևոն Քոչարյանին՝ ԱԺ նախագահը հավելել է. «Ձեր տանը երևի միայն Հ1-ն (Հանրային հեռուստաընկերությունը) էր միացված»՝ ակնարկելով, որ Քոչարյանների ընտանիքը միտումնավոր չի տեսել կամ չի ցանկացել տեսնել իրականությունը։
Կիսվել