Ես չեմ տեսել՝ որեւէ ներդրող առաջարկի 8-9 մլն դոլար ներդնել եւ չպահանջի բիզնես կոմպոնենտ. Ավինյանը՝ թենիսի կորտերի մասին

Աննա Անտոնյան Հունվար 15, 2024

Ես դեռ չեմ տեսել, որ որեւէ մի ներդրող առաջարկի 8-9 մլն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար եւ չպահանջի էական բիզնես կոմպոնենտ: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երեւանի օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում «Արարատ» ակումբի թենիսի կորտերը քանդելու նախաձեռնությանը:

«Սա սոցիալական ծրագիր է: Յուրաքանչյուր մարդ, որ մի փոքր հասկանում է նման գործընթացներից, պետք է նաեւ փաստի, որ սա կարեւոր սոցիալական ծրագիր է: Երեւանում շատ քիչ կհանդիպենք ծրագրերի, որ որոշակի բիզնես ընկերություն պատրաստ է որոշակի սոցիալական պատասխանատվություն ստանձնել եւ մեծ գումարներ ներդնել հանրային տարածքներ վերականգնելու համար, որոշակի հասարակական տարածքներ ներառելով, որպեսզի հետագա սպասարկումն իրականացվի այդ հանրային տարածքների: Նման ծրագրերը ողջունելի են:

Ինչքան էլ ես սիրեմ «Արարատ» ակումբը, եւ ինչքան էլ իմ հուշերը կապված լինեն այդ ակումբի հետ, գնդակները, որ ընկնում էին Գետառը, եւ երջանկահիշատակ ընկեր Վիլիկին, այնուամենայնիվ, Օղակաձեւ զբոսայգին միակ հանրային տարածքն է, որ փոքր կենտրոնն ունի: Այդ տարածքը պետք է վերականգնվի որպես հանրային այգի բոլոր հատվածներում»,-ասաց նա:

Ավինյանը հավելեց, որ բոլոր այն մեղադրանքները, որ հնչում են մեր հասցեին, պետք է ընդունել ի գիտություն. «Պետք է գալ այն հիմնական նպատակադրումից՝ հանրային տարածքների վերադարձ հանրությանը: Սա ճիշտ ծրագիր է: Թենիսի կորտերի հարցը մենք կլուծենք: Հենց հյիմա կֆիքսենք հանձնարարական շինբարեկարգության վարչությանը, որպեսզի բացի նրանից, որ «Արարատ» ակումբը վերանորոգում ենք, մեր թենիս պարապողների համար կրկնակի դրա չափով թենիսի կորտեր պետք է կառուցենք Երեւանում:

Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի որոշակի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեին, ցավով պետք է նշեմ, որ դա չի ստացվի»,- ասաց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Factor.am-ը հայտնել էր, որ թենիսի կորտերի տարածքը առանց մրցույթի տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը: Շատերի կարծիքով սա, ըստ էության, կոռուպցիայի դրսեւորում է:


Կիսվել