Արմեն Գեւորգյան. Երկրում կայունություն ու քաղաքական ճգնաժամից ելք կլինի միայն Փաշինյանի հեռանալուց հետո
Աննա Անտոնյան
Ապրիլ 30, 2021
Կյանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռազմավարական շահերի տարածաշրջանում լարվածությունը միայն կաճի․․․
Մեր շուրջը տեսանելի եւ անտեսանելի գործընթացներ են տեղի ունենում: Երբ խոսում եմ մեր մասին, նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, մեր հարեւաններին: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
«Այսօր տեղեկություններ են հայտնվել ՀԱՊԿ երկու անդամների՝ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ռազմական բախումների մասին: Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտիներում լարվածությունն աճում է: Սա շատ հասկանալի մարտավարություն է՝ հնարավորինս փոշիացնել Ռուսաստանի հնարավորություններն ու ռեսուրսները: Չեմ զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ նման սրացման հետեւում կրկին թյուրքական ականջներ են աճում են։ Կյանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռազմավարական շահերի տարածաշրջանում լարվածությունը միայն կաճի: Մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ Հայաստանը պետք է ուժեղ եւ հուսալի գործընկեր լինի, որպեսզի կարողանա կատարել ոչ միայն իր, այլ նաեւ դաշնակցային պարտավորությունները: Առաջիկա ընտրությունները առաջին հերթին աշխարհաքաղաքական ընտրություն են երկրի զարգացման համար:
Եւ այսպես, ընտրությունները, որոնք դեռ նշանակված չեն, տեղի կունենան հունիսի 20-ին: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այլեւս նշանակություն չունի, թե ինչ են ցույց տալիս հարցումները: Բոլորը պատրաստ են մարտի: Ես մտահոգված եմ, որ գործընթացի շատ մասնակիցներ կմոռանան Նիկոլի կառավարման աղետալի արդյունքների, 44-օրյա պատերազմի պատճառների ու հետեւանքների մասին: Չեն քննարկի նոր ծրագրեր եւ գաղափարներ, այլ կկենտրոնանան անհատներին վարկաբեկելու, անցյալը նսեմացնելու եւ ապագան մեզանից հեռացնելու վրա: Ակնհայտ է, որ կայունությունը եւ երկրում քաղաքական ճգնաժամից ելքը կգան միայն Փաշինյանի հեռանալուց հետո: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք անընդհատ քաոսի եւ հնարավոր քաղաքացիական ցնցումների մեջ կլինենք, տնտեսական ճգնաժամը կխորանա, արտագաղթը կավելանա, իսկ անվտանգությունը կթուլանա: Չկա Հայաստան ուրիշներին զիջելու համար»:
Կիսվել