Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ապրիլի վերջին։
Պաշտոնյաներն, անանուն մնալու պայմանով, հայտնել են, որ Էրդողանն Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը կարևոր է համարում տարածաշրջանային կայունության առումով՝ ընդգծելով Ուկրաինայից մինչև Սիրիա կարևոր միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումը։
Էրդողանի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություններից։
Կիրակի օրը Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներն անհրաժեշտ են դարձրել ավելացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները բոլոր թեմաների շուրջ։
Նախագահների միջև վերջին հեռախոսազրույցը կայացել էր անցած տարվա նոյեմբերին, երբ Էրդողանը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ։