Էրդողան. եթե Հայաստանը ճանապարհ չբացի դեպի Նախիջեւան գնացքի համար, այն կանցնի Իրանի տարածքով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 26, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։

Նախիջեւանից Թուրքիա մեկնելու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը թույլ չտա միջանցքն անցնել իր տարածքով, ապա Իրանը «ուրախությամբ կմոտենա այդ միջանցքն իր տարածքով անցնելու գաղափարին», հաղորդում է Reuters-ը: 

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի վերջին ագրեսիան «թույլ կտա խաղաղ միջանցքներ ստեղծել Հարավային Կովկասում»: «Բոլորին է հայտնի մեր կարծիքն այն մասին, որ այդ հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել»,-նրա խոսքը մեջբերում է Daily Sabah-ը։

Նրա խոսքով՝ «ադրբեջանա-հայկական գործընթացում առաջընթացը մեծ ազդակ կհաղորդի նաեւ տարածաշրջանային կարգավորմանը»։

«Մեր նպատակն է այդ տարածքները դարձնել խաղաղ միջանցքներ։

Եթե մենք խոսում ենք երկաթուղու մասին, ապա գնացքը Թուրքիայից կարող է հասնել Նախիջեւան՝ Հայաստանով, Ադրբեջան։ Եթե Հայաստանը ճանապարհ չբացի գնացքի համար, այն կանցնի Իրանով։

Նախիջեւանի եւ Ադրբեջանի մյուս շրջանների միջեւ երկաթգծի եւ ավտոմոբիլային ճանապարհների միջոցով ուղիղ հաղորդակցության ստեղծումը էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները։ Ուստի պետք է հնարավորինս շուտ բացել այդ միջանցքը»,-ասել է Էրդողանը։ 


Կիսվել