Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 11, 2022

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից։

«Ծնողներն են հարցաքննվում, տուժող են ճանաչվում, դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվում։ Ակտիվ քննչական փուլ է։ Մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում անձ չկա, քանի որ բոլոր ծնողները պետք է հարցաքննվեն, հետո ոստիկանները հարցաքննվեն, նրանց միջեւ առերեսում տեղի ունենա, ինչից հետո կհասնեն իրավական գնահատական տալու փուլին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Փաշինյանի այցը «Եռաբլուր» նշանավորվել էր հերթական միջադեպով։ Մինչ նրա գալը ոստիկանները կոշտ կերպով բերման էին ենթարկել զոհված զինվորների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն իր այցելությամբ պղծի իրենց որդիների շիրիմները։

Կիսվել