Ենթադրում ենք՝ 2022-ին ՀՆԱ-ի աճը կլինի 12,5-13 %. բոլոր հիմքերը կան, որ 2023-ին կունենանք առնվազն 7 % աճ. Փաշինյան

Աննա Անտոնյան Հունվար 10, 2023

Ենթադրում ենք, որ 2022-ին ՀՆԱ-ի աճը կլինի 12,5-13 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, որ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների դերը շատ էական է, դա էլ ակնհայտ է: Մենք 2022-ի համար նախատեսել էինք 7 տոկոս տնտեսական աճ, բայց շատ ավելին է ստացվել, ինչի համար ուրախ ենք: Դա կրեւոր գործոն է նաեւ անվտանգության տեսանկյունից, որովհետեւ անվտանգություն ապահովելու  համար ռեսուրսներ են պետք, իսկ դրանք ապահովում է տնտեսությունը: 2023-ի համար էլի 7 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսել, որ պետք է աշխատենք, որ առնվազն այդքան ապահովենք: Մենք նաեւ 10 մլրդ դրամի չափով փաթեթով աջակցություն ցուցաբերեցինք բարձ տեխնոլոգիաների ոլորտին, որը ոչ միայն ՀՀ տեղափոխված մասնագետներին կպահի Հայաստանում, այլեւ նոր հոսք կապահովի»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե քանի ՌԴ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան 2022-ին, Փաշինյանն ասաց, որ դրանց մեջ շատ են մարդիկ, որոնք երկքաղաքացի են. «Տարբեր թվեր են հնչում, ենթադրում ենք, որ իրականությունը փորձագետների կողմից հնչեցրած թվերի շրջակայքում է: Բայց նաեւ պետք է արձանագրեմ, որ այդ մարդիկ շատ տարբեր ուղղություններով կարող էին գնալ, բայց եկել են Հայաստան, ինչը ինչ-որ բան նշանակում է: Էլ չեմ ասում, որ այդ երկրներից ոչ բոլորում է, որ 13 տոկոս տնտեսական աճ է ապահովվել: Այդ աճի կարեւոր գործոններից մեկը այն ինստիտուցիոնալ բրեփոխումներն են, որոնք ՀՀ-ում տեղի են ունեցել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, անվտանգային ռիսկեր միշտ էլ կան, բայց դրանք կառավարելի են. «Տեսաք, որ սեպտեմբերին տեղի ունեցավ էսկալացիա, բայց զարմանալիորեն դա մեր տնտեսական դինամիկայի վրա շատ մեծ նեգատիվ ազդեցություն չունեցավ: Այս տարի մենք 30,6 մլրդ դրամի չափով եկատմահարկի գծով վերադարձրել ենք մարդկանց, որոնք բնակարաններ են ձեռք բերում: Երեւանում եւ հանրապետությունում շինարարական բում է եւ կարեւոր է, որ տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ, տարբեր ոլորտների աճի հաշվին է: Բոլոր հիմքերը կան համոզված լինելու, որ 2023-ին մենք նույնպես առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք»:

Կիսվել