ԵՄ-ը կողմ է Ռուսաստանի շրջանցմամբ նոր տրանսպորտային միջանցքների ստեղծմանը. Բորել

Աննա Անտոնյան Նոյեմբեր 21, 2022

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, այդ թվում ի հաշիվ նոր տրանսպորտային միջանցքների կառուցման՝ Ռուսաստանի շրջանցմամբ։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգութան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակում են կարեւոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայում։ Միեւնույն ժամանակ, այդ տարածաշրջանի երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել առեւտրային եւ արտաքին քաղաքական հարաբերությունները՝ ԵՄ-ը դիտարկելով որպես առավել հարմար գործընկեր։ ԵՄ-ն իր հերթին, շահագրգռված է, որպեսզի «օգտվի այդ փոփոխություններից»։

«Մենք պետք է խորացնենք կապերը տարածաշրջանի հետ, գործի դնենք նրա վիթխարի պոտենցիալը, որը ներկայացված է էներգետիկ մատակարարումներով, կրիտիկականորեն կարեւոր հումքի մատակարարումներով եւ նոր տրանսպորտային միջանցնքերով, որոնք կախված չեն Ռուսաստանից»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր բլոգում։ Մասնավորապես, խոսքը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին է, որի զարգացման հարցը քննարկվել է Բորելի՝ վերջերս Ղազախստան կատարած այցի ընթացքում։

Նա նշել է, որ ԵՄ-ն արդեն Կենտրոնական Ասիայի գլխավոր առեւտրային եւ ներդրումային գործընկերներից մեկն է։ «Վերջին տասը տարում ԵՄ-ը տարածաշրջանում ներդրել է ավելի քան 100 մլրդ եվրո, ինչը մեզ դարձնում է ուղիղ օտարերկրյա ներդրումների ամենամեծ աղբյուր, որը շատ անգամ առաջ է անցնում Ռուսաստանից եւ Չինաստանից»,- ավելացրել է նա։

Կիսվել