Ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սեւանա լճում, լիճը կհսկվի նաեւ դրոններով․ Փաշինյան

Աննա Անտոնյան Օգոստոս 17, 2023

Կառավարությունն իր հերթական նիստում՝ այսօր օգոստոսի 17-ին, հավանության արժանացրեց Ներքին գործերի նախարարության ծրագիրը ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։

Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։

«Սա հերթական քայլերից է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար։ Մենք Սեւանա լճում հսկողություն ավելացնելու անհրաժեշտություն ունենք, եւ ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների եւ Սեւան ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետեւ գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։ Սեւանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սեւանա լճում ջրային փոխադրամիջոցների երթեւեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր եւ 3 տեղանոց չորս սկուտեր։

«Մենք ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սեւանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնաորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սեւանա լիճը կհսկվի նաեւ դրոններով»- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ պարեկային ծառայությունը կներդրվի վերջին չորս մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատի եւ Արմավիրում։ Հաջորդ խնդիրը կլինի դրանցում կանանց ներգրավվածության բարձրացումը։

Կիսվել