Դատավորների ընդհանուր ժողովը մեկնարկեց. քվորում կա

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 16, 2022

Դատավորների ընդհանուր ժողովը կկայանա. քվորումն ապահովված է։ Այս մասին  տեղեկացավ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանից։

Նշենք, որ օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու հարցն է։ Անդամի նշանակման համար ներկայացվել են 6 թեկնածուի տվյալներ․

Կարեն Հակոբյանը 2018 թվականից մինչ օրս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ։

2020 թվականից աշխատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, որպես պահանջները քննող մասնագետ։

Հայկ Մարտիրոսյանը 2002 թ.ից մինչ օրս ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս է, «Պետության և իրավունքի տեսության և պատմության» ամբիոնի ասիստենտ։ 2017 թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ։

Առնոլդ Վարդանյանը 2018թ.-ից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի և Փաստաբանական դպրոցի դասախոս է։ 2021թ.-ից համատեղությամբ դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։ Ունի Դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2022-ի սեպտեմբերի 13-ից Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատարն է։

Սիմոն Ֆարմանյանը 2013 թվականից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է, Փաստաբանների պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի դասախոս։ 2015 թվականից արտոնագրված հաշտարար է, ինչպես նաև Լոնդոնյան վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (CEDR) կողմից հավատարմագրված հաշտարար։

Հասմիկ Ստեփանյանը 2009-ից իրավաբանական գիտությունների թեկնածու է, 2010-ից՝ դոցենտ։ 29 գիտական աշխատությունների հեղինակ է։

Արմեն Եզեկյանը 2008-ից ունի դոցենտի գիտական կոչում, 2004-ից՝ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դասավանդում է Սլավոնական համալսարանում։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ օրս ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Իրավաբանության ամբիոնի վարիչն է։

Կիսվել