Դասադուլ հայտարարած ուսումնական հաստատությունների թիվն ավելանում է. մի շարք ընկերություններ գործադուլ են անում

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 22, 2023

Մի շարք ուսումնական հաստատությունների ուսանողներ հայտարարել են դասադուլ և միացել են Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիների ինքնաբուխ անհնազանդության ակցիաներին:

Ուսումնական հաստատությունների թիվը ընթացքում ավելանում է: Այս պահի դրությամբ դասադուլ են հայտարարել՝ ԵՊՀ-ի, Բրյուսովի, Մանկավարժականի, Ֆրանսիականի, ԵՊԲՀ-ի, Երևանի թատրոնի և կինոյի, Եվրոպականի, Ֆրանսիականի, Կոնսերվատորիայի, Տնտեսագիտականի, Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի ուսանողներ: ԵՊՀ դասախոս Ռուբինա Պետրոսյանը նույնպես միացել է հայտարարված դասադուլին: Նա նշել է, որ որպես ԵՊՀ դասախոս` լիովին և անվերապահ սատարում է ուսանողների դասադուլը: «Հայրենիքից ու պետականությունից վեր ոչինչ չկա»,- ասել է նա: Դասադուլի կոչ է արել նաև Թատերականի դասախոս Աննա Հեքեքյանը: Դասադուլ են հայտարարել նաև թիվ 29 դպրոցի և Ֆիզմաթ դպրոցի մի խումբ աշակերտներ:

Գործադուլ են անում նաև մի շարք ընկերություններ, օրինակ՝ «Անռիվա տուր»-ը միացել է գործադուլին և հայտարարել, որ այս դժվարին իրավիճակում իրենք պարտավոր են կանգնել Արցախի մեր հայրենակիցների կողքին: Գործադուլ են հայտարարել նաև HAYAT restaurant & music hall-ը, Hayat Project-ը:

Նշենք, որ չնայած ոստիկանության կողմից համատարած բիրտ ուժի գործադրմանը՝ քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաները Երևանում, փակում են փողոցները, վանկարկում «Արցախ», «Նիկոլ, դավաճան», եւ մյուս քաղաքացիներին կոչ են անում միանալ Արցախի փրկության համար ժողովրդական ընդվզման ալիքին։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներից կարմիր բերետավորները բիրտ մեթոդներով են բերման ենթարկում ցուցարարներին, մի քանի ոստիկանով հարձակվում են մեկ մարդու վրա, դաժանաբար ծեծում, նույնիսկ նրանց, որոնց արդեն նստեցրել են մեքենան։ Շատ քաղաքացիներ բերման ենթարկվելիս վնասվածքներ են ստացել:

Կիսվել