Դանակահարություն Ափնա գյուղում. ախտորոշվել է «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն»

Աննա Անտոնյան Փետրվար 20, 2023

Փետրվարի 18-ի ուշ երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ հիվանդանոց են մեկնել բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբ, սակայն որևէ բան պարզել չի հաջողվել:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ, պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Ափնա գյուղի ակումբի մոտակայքում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել է Արայի գյուղի 25-ամյա բնակիչը:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 25-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին: Նա ներկայացվել է քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Կիսվել