«Դա չի ներկայացվել որպես նախապայման». ԱԳ փոխնախարարը՝ Էրդողանի հայտարարության մասին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 13, 2022

Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները. Սա աշխատանքային գործընթաց է, որն արդեն մեկնարկել է որոշակի ժամանակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքի ներկայացրած առաջարկների մասին հարցին:

«Մենք արդեն հայտնել ենք, որ սկզբունքային անընդունելի կետեր չկան, բայց այդ առաջարկները լիարժեք չեք, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Երկու կողմից հաստատվել է, որ գործընթացն ընթանում է առանց նախապայմանների եւ այդ տրամաբանությունը պահպանվում է»:

Դիտարկմանը, որ Էրդողանը հայտարարել է, որ սահմանները կբացվեն, եթե կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր, արդյոք սա նախապայման չէ, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա չի ներկայացվել որպես նախապայման, խաղաղության հաստատումը տարածաշրջանում ներկայացվել է որպես ավելի նպաստող գործընթաց, սակայն զուտ երկկողմ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում որեւէ նախապայման չէր ներկայացվել»:

Հարցին, թե Արեւմուտքից ինչ առաջարկներ կան հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման հետ կապված, փոխնախարարը պատասխանեց. «Արեւմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են, այլ ջանքեր են, որպեսզի աջակցեն երկու կողմերին: Դա է Արեւմուտքի մոտեցումը, այլ գործընթաց գոյություն չունի»:

Կիսվել