Հայաստանը կդառնա աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles — CMB 2026 թվականի հյուրընկալող երկիրը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում անցկացված «CMB 2025» միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը:
2026 թվականին Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր երկրներից 400-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, սոմելյեներ, գնորդներ, ներմուծողներ, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ և այլն։
Իր ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ գինեգործության ոլորտը Հայաստանում վերածնունդ է ապրում, և հայ մասնագետները հմտորեն համադրում են ավանդույթն ու նորարարությունը՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և գիտական մոտեցումներ։
«Գինեգործության ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն, և Կառավարությունը մեծապես կարևորում է այս ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրության բարձրացումը, ներդրումների ներգրավումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Միջոցառման անցկացումն Հայաստանում կարևոր քայլ է մեր երկրի գինու մշակույթը, պատմությունը և ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ», - ընդգծել է Գևորգ Պապոյանը։