Չոր նավահանգստի ծրագիրն իսրայելական ընկերությունը չի կատարի. գործադիրը փոխել է ներդրողին

Աննա Անտոնյան Մայիս 30, 2023

Նոր ներդրողը 2-3 ամսվա ընթացքում նախ պետք է գնահատի, թե արդյոք Գյումրիի չոր նավահանգստի ու ինդուստրիալ պարկի մեջ կատարվելիք ներդրումները արդարացված կլինեն։
Գյումրիի չոր նավահանգստի ծրագիրը կիրականացվի ոչ թե իսրայելական, այլ հոլանդական ներդրող ընկերության կողմից։
Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
««Յուրո լոջիստիկ պարկս» իսրայելական արմատներով ընկերությունը տարբեր ֆակտորներով, ես չեմ ուզում որևէ խնդիր առաջ քաշել, գուցե դա քովիդն էր, պատերազմն էր և այլն, բայց տարբեր ֆակտորների համադրության արդյունքում հետ կանգնեց իր ներդրումային պլանից։ Ճիշտն ասած` իրենք ցանկություն հայտնեցին երկարացնել ներդրումային ծրագրի ժամնակահատվածը և այնուամենայնիվ առաջ գնալ։ Բայց կառավարությունը կշռեց հաջողության հավանականությունն ու որոշեց չերկարացնել ժամկետը»,– պարզաբանեց Քերոբյանը։
Իսրայելական ընկերությունից հետո ներդրումային ծրագրում հաղթող ճանաչված հոլանդական ընկերությունը, որի անունը Քերոբյանն առայժմ չցանկացավ բացահայտել, առաջիկա 2-3 ամսվա ընթացքում պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք Գյումրիի չոր նավահանգստի ու ինդուստրիալ պարկի մեջ կատարվելիք ներդրումները արդարացված կլինեն, թե ոչ։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «Չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։

Կիսվել