Չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց ՀՀ-ի համաձայնության. Միրզոյանը՝ TRIPP-ի բաժնեմասերը վաճառելու մասին

Աննա Անտոնյան Հունվար 14, 2026

«Ցանկացած ընկերության բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել, բայց չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց ՀՀ-ի համաձայնության»:

Այս մասին ԱՄՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի մասին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնություններին:

«Փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում և վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է ՀՀ-ի և ԱՄՆ կառավարության նախօրոք համաձայնություն:

Այսինքն՝ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց ՀՀ-ի համաձայնության: Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա բաժնեմասերի որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնեք կիսել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, հետո կսկսվի ընկերության գործունեությունը, հետո ինչ-որ փուլում՝ մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո, մեզնից թաքուն մեր կամքին հակառակ բաժնեմասերի մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին:

Հիմա հստակ ամրագրում ենք, որ այդպիսի մի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա․ դա կլինի պայմանագրի խախտում, հետևաբար չի կարող լինել»,- ասել է նախարարը:

Կիսվել