Չայնիի ոլորաններում Porsche Cayenne-ը, մոտ 350 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կան զոհեր և վիրավորներ․

Աննա Անտոնյան Ապրիլ 21, 2023

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Երեք մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փրկարարները մեծ դժվարությամբ՝ ճոպանի միջոցով, պարեկների հետ միասին դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին։ Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով Կոտայքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել