Ճանապարհային նշանները կարող են փոփոխվող լինել` կախված օրվա ժամից. Արուսյակ Խաչատրյան

Աննա Անտոնյան Հունվար 30, 2023

Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներին՝ նշաններ, գծանշումներ, լուսացույցներ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

Նրա խոսքով, աշխարհում անընդհատ ի հայտ են գալիս նոր տեխնիկական միջոցներ, սակայն Հայաստանը չէր կարող դրանք կիրառել, քանի դեռ Հայաստանի օրենսդրության մեջ դրանք ներառված չեն: Արուսյակ Խաչատրյանը նշեց, որ օրինակ, դպրոցների մոտ առավելագույն արագության կարող է սահմանվել մինչեւ 20, 30 կամ 40 կմ/ժամ, սակայն ժամը 3-ից հետո կամ հանգստյան օրերին էլի նույն նշանը տեղադրված է եւ վարորդները ստիպված են դանդաղ երթեւեկել. «Այդ դեպքերում մենք կարող ենք տեղադրել փոփոխվող նշան, որ ենթադրենք, արագությունը սահմանափակենք 40, իսկ դրանից հետո նորից 60 կմ/ժամ, որ իզուր արհեստական խցանումներ չառաջացնենք: Այս փոփոխություններով մեզ հնարավորություն է տրվել կիրառել նոր ի հայտ եկած երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց նա, որ դրա համար նշծանները փոխարինվելու են էկրանային տարբերակներով, որոնք տարբեր ժամանակ տարբեր նշան ցույց կտա:

Հաջորդ փոփոխությունը, ըստ Արուսյակ Խաչատրյանի հետեւյալն է. «Առաջարկել ենք, որ չկարգվորվող հետիոտնային անցումների վրա կիրառել հետիոտնային նշանը դեղնականաչավուն լուսանդրադարձնող ժապավեններով վահանակների վրա: Դա տեսանելիության բարձրացման միջոցառում է վարորդների համար: Նշել ենք այնպիսի հետիոտնային ացնումներ, որոնք յուրաքանչյուր ուղղությամբ 3 եւ ավելի գոտիներ ունի, նախատեսում ենք, որ նշանը կախվի նաեւ վերեւից: Իսկ կարգավորվող հետիոտնային անցումկների համար կետ ենք ավելացրել, որ ճանապարհը տնօրինողն իր հայեցողությամբ կարող է վերեւից կախվել նաեւ կարգավորվող, այսինքն կանչովի լուսացույցներով անցումների վրա»:

Նրա խոսքով, նորարարություն է անկյունագծային հետիոտնային անցում գծանշումը, այսինքն խաչմերուկում բոլոր ուղղություններով ավտոմեքենաները կանգնում են եւ հետիոտները կարող են խաչմերուկը հատել նաեւ անկյունագծով: Այս երթեւեկությունը կազմակերպվում է այն խաչմերուկներում, որտեղ հետիոտնային երթեւեկությունը շատ բարձր է՝ մեկ ժամում 900 մարդ եւ ավելի:

Կիսվել