Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հանդիպել Պուտինի հետ՝ պատերազմին վերջ տալու համար. Թրամփ

Աննա Անտոնյան Հունվար 24, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ վարելու համար։ Պատասխանելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների հարցերին՝ Թրամփն ասել է, որ ձգտում է դադարեցնել հակամարտությունը կյանքեր փրկելու համար:

«Անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը՝ այս պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար», — ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ դա տնտեսության կամ որևէ այլ բանի հետ կապ չունի, նպատակը մարդկային կյանքեր փրկելն է։ «Հրաշալի երիտասարդներ են մարտի դաշտում մահանում գնդակներից»,- հավելել է նա։

Թրամփը նաև ասել է, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է պատերազմն ավարտելու հարցը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ ։

«Հուսով եմ՝ Չինաստանը կօգնի մեզ վերջ դնել պատերազմին, մասնավորապես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Նրանք զգալի ազդեցություն ունեն իրավիճակի վրա։ Մենք կաշխատենք նրանց հետ»,- նշել է Թրամփը։

Հարցին, թե պատերազմը կավարտվի՞ մեկ տարուց՝ մինչև Դավոսի հաջորդ տնտեսական ֆորումը, Թրամփը պատասխանել է. «Պետք է հարցնել Ռուսաստանին։ Ուկրաինան պատրաստ է գործարքի գնալ».

Չորեքշաբթի Թրամփը իր «Truth Social» սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինը պետք է որքան հնարավոր է շուտ ավարտի պատերազմը և սպառնացել էր Ռուսաստանին նոր տնտեսական պատժամիջոցներով։ Ավելի վաղ նա Դավոսում հայտարարել էր նաեւ, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե նավթի գները նվազեն։

Կիսվել